
Հոկտեմբերի 3-ին Ծաղկաձոր քաղաքում տոնական եռուզեռ էր: Այդ օրը ծաղկաձորցիների համար կրկնակի տոնական էր, որովհետև մի կողմից արդեն ավանդույթ դարձած և պարբերաբար տոնականորեն նշվող Ծաղկաձորի օրն էր, մյուս կողմից, վերջապես իրականություն էր դարձել ծաղկաձորցիների վաղուց փափագած ուխտ՝ Անդրանիկի քաջ զինվոր և Սարդարապատի ճակատամարտում հերոսաբար մարտնչած ու ի վերջո Ծաղկաձորում հանգրվանած հայդուկ Կայծակ Անդրեասին նվիրված խաչքարի բացումը:
Միջոցառումների մեկնարկը Կեչառիս եկեղեցական համալիրից էր, որտեղ հանդիսավոր կերպով, ձեռամբ Կոտայքի Թեմի Առաջնորդ Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանի, օրհնվեցին Ծաղկաձոր քաղաքի դրոշը, զինանշանը, ապա օծվեց Սբ. Հարություն եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Տոնական օրը շարունակվեց գեղարվեստական մասով. եղան բազմաթիվ պարգևատրումներ, պարային խմբերի ելույթներ, այցելություն քաղաքի թանգարան:
Տոնական օրվա միջոցառումների մասնակիցների շարքում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ Վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը և մարզային կառույցների ներկայացուցիչներ օտարերկրյա հյուրեր:
Օրհնության խոսքով Ծաղկաձորի բնակիչներին և հյուրերին դիմեց Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը.
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ՝ մեծարգո պարոն Գալուստ Սահակյան, Կոտայքի Մարզպետ՝ մեծահարգ պարոն Կարապետ Գուլոյան, Ծաղկաձորի քաղաքապետ՝ Արթուր Հարությունյան, սիրելի հյուրեր, ներկաներ և համաքաղաքացիներ:
Այսօր մեզանից յուրաքանչյուր ոք հոգու մեծ ուրախություն ու բերկրանք է ապրում, քանի որ Ամենաբարձրյալ Աստծո ողորմությամբ բոլորս համախմբվել ու մեկտեղվել ենք Կեչառիս Վանական Համալիրի կողքին միասնաբար տոնելու ու նշելու մեր սիրելի Ծաղկաձոր քաղաքի հիմնադրման 1020 ամյակը:
Սրանից 10 դարեր առաջ բնության այս գեղատեսիլ վայրում հիմնված Ծաղկաձոր քաղաքը եղել, կա ու կմնա մեր ժողովրդի ամենասիրելի վայրերից մեկը: Մեր ազգի զավակների համար այն ուխտատեղի ու հանգստավայր է, իսկ անզուգական Կեչառիս Վանական համալիրը իր երկինք խոյացող հրաշակերտ ու գեղեցիկ 4-ը եկեղեցիներով մեր ազգի բարձրարվեստ մշակույթի գոհարներից է:
Հարատև ուրախություն է լինել այս քաղաքի բնակիչը և ապրել այս գեղատեսիլ ու չնաշխարհիկ վայրում, այստեղ ապրողներս նաև պարտք ունենք մեր նախնիների շիրիմների առաջ պահելու, պահպանելու, զորացնելու, զարգացնելու մեր սիրասուն քաղաքը սերունդներին փոխանցելու համար:
Սիրելի համաքաղաքացիներ ի դեմս Ծաղկաձորի քաղաքապետ՝ Արթուր Հարությունյանի սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթելով մեր քաղաքին հարատևություն և շենացում:
Այս պատեհ առիթով աղոթք եմ բարձրացնում առ բարձրյալն Աստված հայցելով Ամենակարող Տիրոջը, որ Տերը ամուր ու անսասան պահի մեր հայրենիքի սահմանները և օրհնի մեր ողջ ժողովրդին ի հայաստան Արցախ և ի սփյուռս աշխարհի:
Պատիվն ունեմ արձանագրելու նաև, որ քիչ հետո միասին պիտի բարձրանանք Սբ. Հարություն եկեղեցի, ուր պիտի կատարնեք մեր ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Հայդուկ Կայծակ Անդրեսի հիշատակի տեղադրված խաչքարի օծման կարգը: Նրա հիշատակը օրհնությամբ թող լինի ԱՄԵՆ:
08.10.2015թ
Կոտայքի թեմի մամլո դիվան